16.ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե¯յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագեղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց` ի¯նչ տեսնի. իր շորերը տակն ու վրա եղած, թուշը այրում է համբույրի տեղը: Նայեց հայելուն, համբույրի տեղը տեսավ, նայեց վերև` Հազարան Հավքը չկա¯… Ծղրտաց, ճչաց.
— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր` թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: Էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց հանեց երկնքի երեսը: Էսպես թռա¯ծ` հասավ Աժդահին, ասաց.
— Աժդահա, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում:
Աժդահեն թե` ես ի՞նչ անեմ, ես Աժդահա եմ գետնի երեսին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը գնաց: Աղջիկը թռա¯վ, եկավ Ձկան մոտ:
— Ձուկ, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում քեզ:
Ձուկը թե` ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը տարավ: Էստեղից էլ անց կացավ Տիրուհին, թռա¯վ-եկավ Արան թագավորի քաղաքի մոտ, վայր եկավ:

17.ՏԻՐՈՒՀՈՒ ԶՈՐՔԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԱՐԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՔԱՂԱՔԸ

Թագավորի քաղաքի մոտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երևաց, թե երեք կարգ զորքով քաղաքը պաշարված է: Եկան, թագավորին հայտնեցին, թե քաղաքը պաշարված է. եթե դու թշնամի ունես, ինչո՞ւ չես արթուն մնում: Թագավորն եկավ աղջկա մոտ, թե` ի՞նչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:
— Իմ Հազարան Հավքը էստեղ է, տուր, թե չէ քաղաքիդ վրա կրակ եմ թափում, հետո էլ ջուր եմ շինում քաղաքդ,- սպառնաց Տիրուհին :
Թագավորը գնաց, մեծ ու միջնեկ տղաներին կանչեց, ասաց.
— Այ որդիք, Հազարան Հավքի տերն եկել է. գնացեք, տեսնեմ` ինչ պատասխան եք տալիս: Միջնեկ ախպերն ասաց, թե` ես կերթամ: Մեծը թե` քո բանը չի, ես կերթամ ու տես` ինչ եմ անում: Հազարան Հավքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատվիրել, թե` մտնողը եթե իմ ասած մարդը կլինի, լավ, թե չէ, որ աչքով անեմ` տվեք ատամները փորն ածեք: Մեծ ախպերն եկավ աղջկա մոտ, բարև տվին, բարև առան: Աղջիկը հարցրեց.
— Այ տղա, Հազարան Հավքը դո՞ւ ես բերել: Տղեն թե` ես եմ բերել:
— Որտեղի՞ց բերիր:
Թե` մի շուկայում վաճառում էին, առա, բերի: Էստեղ Հազարան Հավքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տվին թագավորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպես խայտառակված ճանապարհ դրին: Հիմա էլ միջնեկ ախպերն եկավ: Սա էլ ասաց, թե` մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրված հետ եկավ:

18.ԱՐԵԳԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՐԸ

Լուրը հասավ Արեգին՝ թե Հազարան Հավքի Տիրուհին եկել է ու Հավքը բերողին ու Հավքն է պահանջում: Արեգը հացատնից ալրոտ դուրս եկավ ու գնաց իր հոր պալատը: Թագավորը« երբ փոքր տղին տեսավ,  ո¯նց զարմացավ ու ուրախացա¯վ, հասավ կարոտով գրկեց Արեգին, համբուրեց ճակատը, հետո հառաչեց ու հայտնեց, որ իրենց քաղաքը վտանգի մեջ է:
— Ես եմ բերել Հազարան Հավքը, ես էլ Տիրուհուն պատասխան կտամ,- ասաց Արեգն ու պատմեց իր գլխի եկածը, թե ինչպես է բերել Հավքը, թե ինչ անգութ են եղել իր եղբայրները: Ամենքը զարմացան ու չհավատացին:
— Եթե էդպես է, եթե դու ես բերել Հազարան Հավքը,- ասաց Արան թագավորը,- դե արագ գնա, պատասխան տուր Հավքի Տիրուհուն ու իրեն էլ բեր, որ թռչունը երգի: Արեգը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտված` ճանապարհ ընկավ դեպի Տիրուհու վրանը: Գնաց, տեսավ Հազարան Հավքի հրաշագեղ Տիրուհին տխուր-տրտում, մոլորված նստել է իր վրանում: Գալուն պես ասաց.
— Բարով, սիրուն աղջիկ,- ու ծիծաղեց: Աղջիկը թե` այ տղա, բարևը ասենք Աստծունն է, ծիծաղդ էլ ինչ էր:
— Ոչինչ,- ասաց Արեգը,- ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսա` ներքին ու վերին շորերը քանդած, տակն ու վրա արած, հանած, ոտքերն ընկած, թուշին էլ` խալ. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրիս տեղը նշան մնաց… Էստեղ Տիրուհին իսկույն իմացավ, որ սա ինքն է Հազարան Հավքը բերողը դեռ իր մատանին էլ տեսավ Արեգի մատին:
— Այ տղա,- ասաց,- հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել, դու ինչպես ես չորս սահման անց կացել, հասել ինձ մոտ, պատմիր լսեմ: Արեգը նայեց անտես- աննման, չնաշխարհիկ Տիրուհու` երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառվող լուսե աստղին, առաջ եկավ ու ասաց.
— Սև աշխարհն անցա, Սև դևին հաղթեցի, Կապույտ աշխարհն անցա, զարհուրելի Երկաթե Ձեռքը խորտակեցի,  Կարմիր աշխարհն անցա, բոցերի ու մոխիրների միջից գարշելի Քավթառ Քուրսիին հաղթեցի, ահ ու երկյուղ չզգացի. ժողովուրդներ ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարվեցի, սարսափներին ու դառնություններին դիմացա, բոլորին հաղթեցի, միայն քո անտես-աննման տեսքին չդիմացա, միայն քեզանից հաղթվեցի.
Ու ես չեմ եկել թևով թռչունի,
Ոչ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մեկն էն ուժը չունի,
Թռել եկել եմ ես քո կարոտով:
Խոր ծովեր անցա. ալիք ու փրփուր լվանում էին երեսն երկնքի։
Անդունդներ թռա` անտակ խորքերից
Վեր էին հառնում ձայներ դժոխքի:
Անցա փշալի անկոխ անապատ
Ու վարդի բուրմունք առա տատասկից
Էն Լեղի գետից անցա անվհատ.
Խմեցի լեղին` դառն համ չզգացի:
Հաղթեցի դևին
Սև-սև քարերին.
Ժանտ օյիններին խեղկատակների
Տարա սարսափը Առյուծի ահեղ
Հաղթեցի անմահ չորս տարերքներին…
Բոլորը անցա, ամենն հաղթեցի
Բայց չկարացի հաղթել քո սերին:
Տիրուհի, ահա եկել եմ կրկին…
Չի երգում առանց քեզ Հավքը Հազարան
Չի թափում բուրյան վարդը երկնքի.
Այգիս մացառ է, ու մարդիկ` գազան:
Լույս աշխարհ ելել, եկել եմ կրկին
Ոչ հավքի թևով, ոչ մարդու ոտով
Եկել եմ թռած քո սիրով միայն
Քո սիրով,  քո մեծ ու սուրբ կարոտով:
Արի, աննման, չքնաղ Տիրուհի,
Որ Հավքդ երգի հազարան խաղով
Փուշը վարդ փոխի երգով թովչական
Ու գազանը` մարդ-բանական հոգով:
Արեգի պատմությունն ու խոսքը հուզեցին աղջկա սիրտը:
— Լսիր, աննման տղա,- ասաց աղջիկը,- մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը և միայն իմ երկյուղից չէին գալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր փորձանքների միջով, հաղթեցիր դևերին ու հրեշներին, դու որ կարողացար թափանցել հողեղենին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հավքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղեն սիրով, կախարդանքն էլ քանդվեց. տես քո հոր քաղաքը պաշարած զորքն էլ չքվեց: Ահա, ես էլ քոնն եմ,- կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց: Արեգն առաջ եկավ, գլուխը խոնարհեց ու համբուրեց աղջկա սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը, ու պինդ գրկեցին իրար: Հետո ձեռք ձեռքի տվեցին ու գնացին քաղաք:

19.ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Հարցեր`

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։