Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։
Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությամբ, հայոց տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանրհողմնրա ուժերը մեծաքանակ են»։
2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։
Սահմանները տարածվել են բուն թագավորության տարածքներից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։
3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։
Հենակետ քաղաքներիից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Ք․ա․ 776 Արարատյան դաշտում արքան հիմնում է նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Էրեբունին և Արգիշտիխինիլին դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։
4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։
Քաղաքական ազդեցության ոլորտները ձգվում էին մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։
5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։
Հյուսիսում նրա սահմանը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Հարավում սահմանը հասնում էր մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում՝ Դամասկոսի թագավորության։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։
6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։
Սարդուր 2-ի նվաճումները ընդգրկում են չորս ծովերի միջև գտնվող տարածքնները (Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծոց, Միջերկրական ծով)